Foto

Փորլուծություն, փսխում. Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ դիմել են բժշկական կենտրոն

Արդեն մի քանի ժամ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է՝ իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։

Թունավորման դեպքեր են գրանցվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։

Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։

Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ո՛չ գազից, ո՛չ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։