Ապրիլի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ուսումնասիրելու բժշկական ստորաբաժանման գործունեությունը և ազատությունից զրկված անձանց առողջապահական ծառայությունների կազմակերպումը։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցին մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Պաշտպանը տեղում ծանոթացել է բժշկական ստորաբաժանման կարողություններին, բուժսպասարկման կազմակերպման ընթացակարգերին, դեղապահովման գործընթացներին, ինչպես նաև մատուցվող ծառայություններին։ Ստորաբաժանումը ներառում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության հնարավորություններ և ունի շուրջ 95 մահճակալ։
Պաշտպանը զրուցել է բուժօգնություն ստացող ազատությունից զրկված անձանց հետ՝ լսելով նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել նաև քրեակատարողական հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և զրուցել նրանց հետ։ Պաշտպանի հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները:
Այցի շրջանակում հավաքագրված խնդիրները մանրամասն կուսումնասիրվեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից և համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին









