Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նա նշել է, որ այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:
«Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ, արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա երկրի ներսում զուգադիպեց նոր, առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրությունում հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ, ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»: Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ, սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը»...»,- նշել է Դանիելյանը։









