Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։
Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրապական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։









