Foto

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզի համար

​Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն իսկ ապահովել է առնվազն մեկ մեդալ։

Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթահարեց բոլոր արգելքներն ու դուրս եկավ եզրափակիչ։ Շվեդ (4:0) և ուկրաինացի (10:0) ըմբիշներին վստահորեն հաղթելուց հետո, կիսաեզրափակիչում նա 3:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։

Ապրիլի 21-ին Ամոյանը չեմպիոնի տիտղոսը կվիճարկի վրացի Ռամազ Զոիձեի հետ, որին հաղթել էր նաև նախորդ տարվա ԵԱ-ի եզրափակիչում։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) քառորդ եզրափակիչում 7:3 հաշվով Ուկրաինայի ներկայացուցչին հաղթելուց հետո, կիսաեզրափակիչում 1:3 հաշվով զիջեց վրացի Վախթանգ Լոլուային։ Ապրիլի 21-ին հայ մարզիկը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Նշենք, որ առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի մյուս չորս ներկայացուցիչները պարտություն են կրել և լքել պայքարը։