Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
Տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։









