Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Կառավարության նիստում ներկայացրեց Երևան քաղաքի Բաբաջանյան–Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է ճանապարհի շուրջ 270 մետր անավարտ հատվածին և դրան հարող մոտ 110 մետր ճանապարհահատվածին, որոնց շինարարությունը նախկին պայմանագրով ամբողջությամբ չի իրականացվել։
«Երևանի Բաբաջանյան-Աշտարակ խճուղու 5․8 կմ հատվածում ունենք անավարտ հատված՝ 270 մ և մոտեցող ճանապարհ՝ 110 մ, որի կառուցման աշխատանքները նախկինում ամբողջությամբ չեն իրականացվել՝ պայմանավորված ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման վերաբերյալ առաջացած դատական վեճերով և դրանց արդյունքում դատարանի կողմից կիրառված սահմանափակումներով»,- ասաց Ղալեչյանը
Նրա խոսքով՝ ներկայում այդ սահմանափակումները հանվել են, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել աշխատանքները։
«Ներկայում արգելանքը վերացված է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ապահովել տվյալ հատվածով անվտանգ և անխափան երթևեկությունը»,- նշեց նա։
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է վերանայել նախագծային փաստաթղթերը, քանի որ դրանք մշակվել են դեռևս 2015-2016 թվականներին։
«Առկա նախագծերը կազմվել և հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին, և տարիների ընթացքում տեղանքում տեղի են ունեցել ֆիզիկական և ինժեներական փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է իրականացնել նոր ուսումնասիրություններ և փորձաքննություն»,- ասաց Ղալեչյանը։
Նա հավելեց, որ առաջարկվող նախագծով սահմանվում են գնման գործընթացների կազմակերպման հատուկ պայմաններ՝ ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։
«Առաջարկվող կարգավորումները մի կողմից կապահովեն մրցակցային և թափանցիկ ընթացակարգեր, մյուս կողմից թույլ կտան կառավարել պայմանագրերի կատարման ռիսկերը՝ հաշվի առնելով ծրագրի բարձր հանրային նշանակությունը»,- եզրափակեց նա։









