Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքները եռուն փուլում են։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։«Մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում, որովհետև վաղուց ի վեր անձնագրային ամբողջ համակարգը բավականին հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը ևս բավականին ցածր է, և այս լուծումները պետք է թույլ տան արդեն 2026 թվականի աշնանը երաշխավորել լիովին նոր կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունում»,- մանրամասնել է նախարարը։Նա տեղեկացրել է, որ ավարտական փուլում է անձնագրի ընդհանուր դիզայնին և անվտանգության բաղադրիչներին վերաբերող աշխատանքը։ «Հույս ունեմ, որ առաջիկա օրերին հնարավորություն կունենանք մեր հանրությանը ներկայացնել անձնագրի նկարագիրը»,- ասել է նախարարը։









