Foto

Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր երկիրը կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», – ասել է Մելոնին Վերոնայում կայացած միջոցառման շրջանակներում։

«Մենք պետք է շարունակենք աշխատել խաղաղության բանակցությունները առաջ մղելու, իրավիճակը կայունացնելու ջանքերի և Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, որը կարևոր է մեզ համար, ակնհայտորեն, ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի համար», – հավելել է նա։

Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում, ստորագրվել է 2003 թվականին և վավերացվել երկու տարի անց։ Այնուհետև այն երկարաձգվել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, իսկ վերջին երկարաձգումը պետք է ավարտվեր 2031 թվականին։