«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Լրագրող Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ժամանակավորապես դադարեցնում է լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու համար։
Փաշոյանը հավելել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում ամեն ինչ արել են ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար, բայց ոչինչ չի ստացվել։
«Մեր գործընկերները այլ ճանապարհ ընտրեցին, իսկ մենք որոշեցինք գնալ մեր ճանապարհով։ Իսկ ո՞րն է մեր ճանապարհը։ Մասնակցել ընտրություններին, մեր օրակարգով, մեր համեստ կեցվածքով, բայց մեծ գաղափարներով, շատ մեծ գաղափարներով»,- գրել է Փաշոյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, սակայն դա չի ստացվել։ «Արձանագրում ենք, որ դա չի ստացվել, յուրաքանչյուրը իր ճանապարհով է գնացել, և մենք Կարպիսի հետ որոշել ենք մեր ճանապարհով գնալ, որի նպատակը մեկն է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մարուքյանը։









