Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև Իսլամաբադում ընթացող քննարկումներին, Իրանի շուրջ մյուս զարգացումներին է անդրադարձել.
«Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը։
Այս պահին կողմերը քննարկված հարցերի արդյունքների հիման վրա փոխանակման նպատակով կազմում են իրավական արձանագրություններ։
Իրանական ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել այդ երկրի պատվիրակության աշխատանքային քննարկումից։
Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ դա անել թույլ չեն տվել։ Առանց բախման միջադեպն ավարտվել է, երբ Իրանից կապվել են Պակիստանի իշխանությունների հետ, որից հետո որոշ ժամանակ անց նավը հեռացել է նեղուցից։
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը կարգավորելու է Հորմուզի նեղուցի իրանական կառավարումը։ Ուշագրավ է, որ օրինագծում հատուկ անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ նեղուցով անցման վերաբերյալ դիմում ներկայացնող բոլոր երկրների նավերը գրավոր կամ ռադիոհաղորդագրությունների տեքստերում պետք է օգտագործեն բացառապես «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը»։









