Մինչ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմն անընդհատ նոր ելևէջներով քննարկվում է միջազգային մամուլում, գրավում միջազգային հարաբերություններն ու ԱՄՆ արտաքին քաղաքական «ուշադրությունը», ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարծես ԹՐԻՓՓ-ի նկատմամբ չի մարում։
Թեև պայմանավորվածությունների իրականացման տեմպերն էականորեն տուժել են։ Մինչ ամերիկյան կողմը կակտիվանա, երրորդ կողմերը հայտ են ներկայացնում մասնակցել ԹՐԻՓՓ-ի հետ կապված գործընթացներին։ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ այս օրերին պաշտոնական այցեր են կատարում Երևան և Բաքու։ Ղազախական կողմի օրակարգը կարծես լայն է, Ղազախստանը վերջին ամիսներին հայաստանյան պաշտոնական հաղորդագրություններում և խոսույթում հաճախ է հիշատակվում՝ առանցքային դեր ստանալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների հաստատման, ինչպես նաև ռեգիոնալ ավելի լայն աշխարհաքաղաքական ու տրանսպորտային գործընթացներում։
Սակայն վերադառնալով այցերին՝ նշենք, որ ապրիլի 8-9-ին Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում նախարար Կոշերբաևը հանդիպեց թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարատ Միրզոյանն իր ղազախ պաշտոնակցի հետ հանդիպմանը նշել էր, թե հայ-ղազախական հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործընկերության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։
«Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր՝ մեր երկու երկրների, տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն՝ փոխկապակցվածությունը: Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»,- ասել էր Միրզոյանը մի երկրի ԱԳ նախարարին, որն ադրբեջանական տարածքով ցորեն է սկսել ներկրել Հայաստան վերջին ամիսներին։
Փաշինյանն իր հերթին՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Երմեկ Կոշերբաևն էլ ասել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունն էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։
Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել էին ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Ղազախստանցի պաշտոնյաներն այսօր Բաքվում են, որտեղ հանդիպել են Իլհամ Ալիևի հետ, քննարկելով Միջին միջանցքը, Տրանսկասպյան կանաչ էներգիայի միջանցքը և օպտիկամանրաթելային գիծը, որի շուրջ Ադրբեջանն ու Ղազախստանը համագործակցում են: Բաքվում նշվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և TRIPP նախագծի դերը։
Կարճ ժամանակ առաջ էր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:
Իրավիճակից լուծումն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լիներ այն, որ Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկիր գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը Ռուսաստանից: Սակայն Մոսկվան կարծես Երևանի այս առաջարկից ոգևորված չէ։ Ապրիլի 1-ին Կրեմլում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, Փաշինյանն այս մասով Մոսկվայից դրական պատասխան չստացավ։ Այդ այցից հետո՝ ապրիլի 2-ին, ՀՀ-ում Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը նշել էր, թե երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն: «Էդ լծակը Հայաստանի Հանրապետությունն ունի, բայց մենք չենք պլանավորում ու չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Երևանը՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից, փորձի բանակցել և պայմանավորվել ղազախական կողմի հետ, Փաշինյանն արձագանքել է, ասելով, թե Ռուսաստանի թիկունքում որևէ բան չեն պատրաստվում անել ու ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության, համենայն դեպս, այս փուլում քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են ու բաց են, շարունակելու են աշխատանքը։
Ղազախստանի պաշտոնյաների այցը, Փաշինյանի խոսքով, կապված է TRIPP նախագծի հետ: Ըստ նրա, ղազախական կողմը TRIPP-ով հետաքրքրված է: Փորձում են հասկանալ՝ տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում, այդ թվում՝ իրենց համար:
«Մենք այդ թվում՝ Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետև տրանսպորտի ոլորտի բիզնեսը, որը մասնավոր է, բայց պետությունը նաև որոշակի դեր ունի, չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետև շատ լավ, երկրի մի հատվածից վերցվեց տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն՝ պետք է լինի գործընկերություն ամուր, որպեսզի այդ հատվածն աշխատի»,- ասել էր Փաշինյանը:
Այսօր էլ Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, խոսելով ԹՐԻՓՓ-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ համագործակցությունից, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ԹՐԻՓՓ-ի շինարարության, ինչպես նաև համակարգերի կառավարման փուլում գործընկերների, այսինքն՝ երրորդ կողմերի կարիքն են ունենալու։
«Գաղտնիք չէ, որքան էլ որ սա երկկողմ նախագիծ է, բխում է և համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերին՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած մեր անմիջական հարևանները։ ԹՐԻՓՓ-ը հո այլ մոլորակի վրա՞ չէ, ԹՐԻՓՓ-ի մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանի Հանրապետությանը, մյուս ծայրն ավարտվի Նախիջևանով՝ էլի Ադրբեջանի Հանրապետությունով, բայց տրամաբանական շարունակությունը , այս մասին շատ խոսել ենք, Երասխով ՝ հայկական երկաթուղիների մյուս ցանցն է, Կարս-Գյուրի երկաթուղային հանգույցն է և Թուրքիայի երկաթուղային ցանցը, Կենտրոնական Ասիայի երկրները, հատկապես շատ շահագրգռված են․․․ մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում էինք Ղազախստանի ԱԳ նախարարի հետ, ով ՀՀ-ում էր նաև Ղազախստանի Տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ, հետևաբար՝ քննարկումները կան, մերձավորարևելյան երկրներն են հետաքրքրված այս թեմաներով»,- նշեց Միրզոյանը։
Ղազախստանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի Հարավային Կովկասում, ձգտելով դառնալ ռեգիոնում տնտեսական «երաշխավոր»՝ իր շահերը կապելով Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կայունության հետ։ Այս համատեքստում Ղազախստանի հետաքրքրվածությունը ոչ միայն քաղաքական է, այլև ռազմավարական՝ ուղղված այլընտրանքային ցամաքային ուղիների անխափան գործարկմանն ու ռուսական ազդեցության սեղմմանը։
Ղազախական կողմի համար ԹՐԻՓՓ-ը դիտարկվում է՝ որպես Միջին միջանցքի տարր։ Այս հետաքրքրվածությունը ստանում է համակարգային ու առավել կարևոր բնույթ հատկապես այն առաջարկի լույսի ներքո, որով Հայաստանի կառավարությունը հանդես է եկել ռուսական կողմին՝ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ։ Սա փորձ է՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարումը տեղափոխել ռուսական ազդեցության տիրույթից։ Ռուսական կողմի անհամաձայնությունը ցույց է տալիս, որ Կրեմլը ռեգիոնալ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը դիտարկում է՝ որպես իր աշխարհաքաղաքական ազդեցության անկյունաքար։ Ղազախստանի մուտքը հայկական ենթակառուցվածքային դաշտ կարող է թուլացնել Ռուսաստանի լծակները տարածաշրջանում, ինչը Մոսկվայի համար ընկալվում է՝ որպես ստատուս-քվոյի անցանկալի փոփոխություն՝ նույնիսկ հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակներում Աստանայի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները։
Պետք է նաև նշել, որ Ղազախստանի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տրանսպորտային հանգույցներում էապես ամրապնդում է թյուրքական գործոնը Հարավային Կովկասում։ Աստանայի հավակնությունները դիտարկվում են՝ որպես «թյուրքական աշխարհի» միասնական տնտեսական շղթայի ամբողջացում, ինչը ռազմավարական առումով ձեռնտու է թե՛ Բաքվին, թե՛ Անկարային։ Արդյունքում, ռուսական կոնցեսիոն վերահսկողության փոխարինումը ղազախականով կարող է դառնալ այն կետը, որտեղ Մոսկվայի ազդեցությունն էապես կտուժի՝ ճանապարհ հարթելով նոր դաշինքների և հաղորդակցային այնպիսի մոդելների համար, որտեղ առաջնայինը ոչ թե հետխորհրդային կապերն են, այլ թյուրքալեզու պետությունների միջև խորացող նոր հարաբերությունները։
Երևանն ակնհայտորեն իրեն դիրքավորել է հենց այս դաշտում՝ նպաստելով Ղազախստանի հաստատմանը տրանսպորտային նոր պրոյեկտներում, զուգահեռաբար դուրս մղելով ռուսական ներկայությունը հայաստանյան տրանսպորտային ցանցից։









