Foto

Տեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգը

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները կարող են դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրում գտնվող մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո։ Հետևապես՝ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ մինչև մայիսի 26-ը ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։
Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia-ը ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 40 օր առաջ»,- ասվում է հաղորդագրությունում: