Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման հնարավորություններին։
«Հայաստանում առաջարկվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) տարանցման նախագծի շուրջ հանրային քննարկումները եղել են թե՛ սահմանափակ, թե՛ սխալ ուղղությամբ տարվող։ Չափազանց մեծ ուշադրություն է կենտրոնացել ինքնիշխան տարածքի 43 կիլոմետրանոց հատվածի վրա, և չափազանց քիչ՝ այն ավելի լայն աշխարհաքաղաքական ու տնտեսական տեղաշարժերի, որոնք իրականում պայմանավորում են նախագծի նշանակությունը։
Սա սխալ մոտեցում է։
ԹՐԻՓՓ-ը պարզապես տեղական ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Հայաստանի համար այն հնարավորությունների պատուհան է՝ շատ ավելի լայն իմաստով։ Այն տեղավորվում է Եվրասիայի առևտրային ուղիների վերաձևավորման ընթացքի մեջ, որտեղ աշխարհաքաղաքական լարվածությունները և մատակարարման շղթաների խափանումները ստիպում են պետություններին և բիզնեսներին վերանայել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների շարժի տրամաբանությունը։
Այս փոփոխությունների կենտրոնում է Միջին միջանցքը՝ տրանսկասպյան ուղին, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով։ Այս պահին այն դեռևս թերզարգացած է և համեմատաբար թանկ։ Սակայն դրա գլխավոր առավելությունը այլ տեղում է՝ բազմազանեցման մեջ։ Մի աշխարհում, որտեղ Ռուսաստանի տարածքով անցնող հյուսիսային ուղին սահմանափակված է պատժամիջոցներով, իսկ ծովային երթուղիները շարունակում են ենթարկվել անվտանգային սպառնալիքների, այլընտրանքային ուղիների առկայությունը վերածվում է ռազմավարական արժեքի։
Այս պարունակում ԹՐԻՓՓ-ը Հայաստանին կարող է ապահովել մուտք ձևավորվող արևելք-արևմուտք առևտրային ցանցերին։ Ճիշտ օգտագործման դեպքում այն կարող է մեղմել երկրի երկարամյա տնտեսական մեկուսացումը և բարձրացնել նրա դերակատարությունը մի տարածաշրջանում, որտեղ կապակցվածությունը դառնում է ուժի աղբյուր։
Սակայն հնարավորությունը դեռևս չի նշանակում ներգրավվածություն։
Ադրբեջանում և Թուրքիայում ընթացող ենթակառուցվածքային զարգացումները հուշում են, որ կարող են ձևավորվել այլընտրանքային երթուղիներ, որոնք ամբողջությամբ կշրջանցեն Հայաստանը։ Հետևաբար, վտանգը միայն այն չէ, որ Հայաստանը կարող է սխալ կառավարել ԹՐԻՓՓ-ը, այլ նաև այն, որ կարող է հայտնվել իրեն շրջանցող համակարգի ծայրամասում։
Այս հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի լայն ռազմավարական մտածողություն։ Տարանցումը հազվադեպ է ինքնին ստեղծում կայուն տնտեսական արժեք։ Այն պետք է ուղեկցվի լրացուցիչ ենթակառուցվածքների՝ երկաթուղիների, ավտոճանապարհների և լոգիստիկ համակարգերի զարգացմամբ, ինչպես նաև տարածաշրջանային մատակարարման շղթաներին ներգրավմամբ։ Հայաստանի Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի և Թուրքիայի հետ ճանապարհային ու երկաթուղային կապերի վերականգնման նման ծրագրերը ոչ թե երկրորդական են, այլ առանցքային՝ որոշելու համար, թե Հայաստանը որքանով կդառնա տարածաշրջանի ձևավորվող տրանսպորտային համակարգի լիարժեք մասնակից։
Կան նաև ավելի երկարաժամկետ հնարավորություններ։ Ակնհայտ է, որ ԹՐԻՓՓ-ը չի սահմանափակվում Վաշինգտոնի որևէ վարչակազմով։ Եվրոպայում և ԱՄՆ-ում աճող պահանջարկը կարևոր հանքանյութերի՝ այդ թվում ուրանի և լիթիումի նկատմամբ, մեծացնում է հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի պաշարների նկատմամբ։ Արդյունավետ միջտարածաշրջանային ուղիները կարող են այս պաշարները կապել համաշխարհային շուկաների հետ։ Իր միջուկային էներգետիկայի և տեխնոլոգիական կարողությունների շնորհիվ Հայաստանը լավ դիրքում է օգտվելու այս հնարավորությունից, եթե ապահովվի համապատասխան կապակցվածություն։
Ավելի էական է կապակցվածության շղթայական ազդեցությունը Հայաստանի տնտեսական և արդյունաբերական զարգացման վրա։ Տարածաշրջանային և համաշխարհային շուկաների հետ կապերի բազմազանեցումը , ինչպես նաև դրանից բխող հնարավորությունները՝ ներգրավելու միջազգային մասնավոր ներդրումներ և ներառվելու համաշխարհային արժեքային շղթաներին, դրա վառ օրինակներն են։
Հարավային Կովկասում ներտարածաշրջանային առևտրի խթանման և բազմազանեցման հնարավոր բացումը, տնտեսականից բացի, կարող է դառնալ տարածաշրջանային ներառման աստիճանական ձևավորման և երկարաժամկետ կայուն անվտանգության ամուր հիմք։
Աշխարհաքաղաքական սահմանափակումները պակաս կարևոր չեն։ Նոր առևտրային միջանցքներն անխուսափելիորեն վերաբաշխում են ազդեցությունը։ Ռուսաստանը և Իրանը, որոնք տնտեսական և ռազմավարական կշիռ են ստանում գործող տարանցիկ ուղիներից, դժվար թե այս զարգացումներին չեզոք վերաբերվեն։ Նրանց արձագանքները՝ տնտեսական, քաղաքական կամ այլ, ձևավորելու են այն միջավայրը, որտեղ գործելու է ԹՐԻՓՓ-ը։ Հայաստանի համար հարցը, հետևաբար, այն չէ, թե արդյոք տարանցումը վտանգներ է ստեղծում, այլ՝ արդյոք հնարավոր է այդ վտանգները վերածել լծակի։
Սա կախված է քաղաքականությունից։ Ինքնիշխանության վրա նեղ կենտրոնացումը, թեև անհրաժեշտ, ինքնին բավարար չէ։ Անհրաժեշտ է ավելի ամբողջական ռազմավարություն՝ ենթակառուցվածքային զարգացումը համադրելով տնտեսական և արտաքին քաղաքականության հետ և հաշվի առնելով կապակցվածության ու ուժի փոխկապակցվածությունը»։
Շարունակությունը՝ այստեղ։









