Foto

Թրամփը հայտարարել է, որ Իրանն այսօր կարող է ամբողջությամբ ոչնչացվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։

«Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփն ապրիլի 6-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի գնալ այդ քայլին։

Հիշեցնենք, որ Թրամփը վերջնաժամկետ է ներկայացրել Իրանին՝ պահանջելով հրաժարվել միջուկային զենքից և բացել Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար։

Թրամփը հայտարարել է, թե ամերիկյան կողմն ունի ծրագիր, որի համաձայն՝ «Իրանում յուրաքանչյուր կամուրջ կքանդվի» մինչև չորեքշաբթի կեսգիշեր և «որտեղ ամեն էլեկտրակայան Իրանում շարքից դուրս կհանվի, կայրվի, կպայթի և այլևս չի կարողանա շահագործվել»։

«Ես նկատի ունեմ ամբողջությամբ ոչնչացում՝ մինչև ժամը 12:00-ը, և դա տեղի կունենա չորս ժամվա ընթացքում, եթե մենք ցանկանանք։ Մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Քննադատները հայտարարել են, որ Թրամփը ռազմական հանցագործություն կգործի, եթե ԱՄՆ-ն հարձակվի քաղաքացիական էլեկտրակայանների վրա։