Foto

Կանանց շնորհիվ է ամրանում յուրաքանչյուր ընտանիք ու տուն, իսկ դա նշանակում է՝ ամբողջ մեր երկիրը

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ կանայք և մայրեր,
Շնորհավորում ենք ձեզ՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։
Այսօր, ինչպես և ամեն օր, մենք Ձեզ դիմում ենք մեծ սիրով և երախտագիտությամբ։ Հենց ձեր շնորհիվ է ամրանում յուրաքանչյուր ընտանիք ու տուն, իսկ դա նշանակում է՝ ամբողջ մեր երկիրը։ Մենք միշտ ձեզ պարտական կմնանք։
Այսօր մենք ունենք ընդհանուր երազանք։ Երազանք՝ խաղաղ և երջանիկ կյանքի մասին։ Երկրի մասին՝ առանց պատերազմների, որտեղ կարելի է աշխատել, դաստիարակել երեխաներ, ապագա կառուցել։
Եվ մենք անպայման այն կկառուցենք յուրաքանչյուր հայ մոր, յուրաքանչյուր հայ ընտանիքի համար։
Մայրության աջակցությունը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով։
Մենք գիտենք, թե դուք ինչ դժվարությունների եք բախվում մայրանալուց հետո և «Միասնության թևերի» թիմով ամեն ինչ կանենք մեր ծրագրերն իրականություն դարձնելու, ձեր կյանքն արժանապատիվ դարձելու համար։
Երիտասարդ ընտանիքներին կտրամադրվի բնակարանային աջակցություն՝ մատչելի հիփոթեքի և սոցիալական բնակարանների միջոցով, ինչը կնպաստի ընտանիքում երեխաների ծննդին։ Ավելին՝ բազմազավակ ընտանիքների համար գործելու է հատուկ հարկային համակարգ․ ընտանիքը յուրաքանչյուր երեխայի համար կունենա չհարկվող եկամուտի շեմ։
Մարզերում ևս մանկապարտեզները կդարձնենք անվճար։ Մենք կաջակցենք, որ ամեն բնակավայրում մանկապարտեզների քանակը համապատասխանի նախադպրոցական տարիքի երեխաների թվին և իրական կարիքներին, որպեսզի կինը տարիներով չսպասի մանկապարտեզում երեխայի հերթին։
Մասնավոր գործատուները կօգտվեն մանկապարտեզ կամ նախակրթարան հիմնելու պետական համաֆինանսավորման ծրագրերից՝ իրենց աշխատակիցների ընտանիքներին օգնելու համար և այլն։
Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պետությունը մեր մայրերին վերաբերվի հարգանքով և պատասխանատվությամբ, նրանք ունենան անվտանգ ու արժանապատիվ կյանք մեր հայրենիքում։
Շնորհակալություն ձեր մեծ աշխատանքի, հոգատարության, ուժի և հավատքի համար։
Առողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է նա։