«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում
ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսի չեն մասնակցում, մասնավորապես
հավաքագրման պրոցեսին չեն աջակցում»: Այս մասին այսօր Երևանի
քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիրգրան
Ավինյանը։ ։
Քաղաքապետը փաստացի դժգոհում է, որ
վարորդները չեն ներգրավվում «հավաքագրման գործընթացին»՝ միաժամանակ ակնարկելով, որ
այդ մասնակցությունը կապված է արտաժամյա վճարումների հետ։ Այստեղ առաջանում է առանցքային
հարցը՝ արդյո՞ք վարորդի աշխատանքային պարտականությունների մեջ մտնում է գումարների
հավաքագրումը։ Եթե ոչ, ապա ինչի՞
հիման վրա է ձևավորվում այս պահանջը։ Երբվանի՞ց է «համակարգային սխալը» դառնում է աշխատողի
«պարտականություն»։ Դեռ երբ վճարման այս մեխանիզմը ներ էր դրվում՝ տարբեր մասնագետներ
հուշում էին, որ համակարգային մի շարք թերացումներ կան, իսկ հիմա սխալների համար սեղմվում
է ամենաթույլ օղակը՝ ինչպես ընդունված է։ Այս դեպքում էլի վարորդներն են, ովքեր պետք
է անդադար աշխատեն, ուշադիր վարեն ավտոբուսները, որպեսզի Երևանի փոսահորերի մեջ ընկնեն,
ավտոբուսները չվնասեն, քաղաքացիներին անվտանգ տեղափոխեն, ժամանակին տեղ հասնեն, ինչպես
նաև հետևեն, որ յուրաքանչյուր ուղևոր վճարում կատարի, իսկ քաղաքապետը պարզապես կհրամայի։
Մի կողմից էլ Ավինյանը ինքն է ընդունում, որ սա վարորդների մեղքը չէ, այլ «ձեր
դրվածքն է»։ Բայց հենց այստեղ է հակասությունը․ եթե համակարգն է սխալ, ապա ինչո՞ւ է
դրա հետևանքների պատասխանատվությունը դրվում վարորդների վրա։
Ավելին, նրա խոսքից պարզ երևում է հստակ ազդակ՝
եթե չեք մասնակցում հավաքագրմանը, կարող եք խնդիր ունենալ ձեր վարձատրության հետ։ Սա
արդեն ոչ թե կառավարման խնդիր է, այլ աշխատողների նկատմամբ անուղղակի ճնշման մեխանիզմ։
Եթե ինքը չդժգոհի իր ենթականերից, ապա իր ղեկավարները կդժգոհեն իրենից։ Արտաժամյա աշխատանքի
վարձատրությունը պետք է կախված լինի միայն աշխատած ժամերից և կատարված աշխատանքից,
այլ ոչ թե լրացուցիչ «ոչ պաշտոնական» պարտականություններից։ Երբ այն կապվում է ինչ-որ
այլ գործընթացների հետ, որոնք դուրս են աշխատողի ուղիղ գործառույթներից, ստեղծվում
է վտանգավոր նախադեպ։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ՝ աշխատողը
ստիպված է կատարել իրեն չվերաբերող գործառույթներ, կամ զրկվել իր օրինական վարձատրությունից։
Երկու դեպքում էլ խախտվում են աշխատանքային հիմնարար իրավունքները։
Երևանի հանրային տրանսպորտի ոլորտը վաղուց ունի կառավարման, ֆինանսական թափանցիկության
և վերահսկողության խնդիրներ։ Սակայն այդ խնդիրների լուծումը չի կարող տեղափոխվել շարքային
վարորդների վրա։ Եթե կա «հավաքագրման գործընթաց», ապա դա պետք է լինի հստակ կարգավորված,
թափանցիկ և համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթ։ Վարորդին այդ
շղթայի մեջ ներքաշելը ոչ միայն մասնագիտական շեղում է, այլ նաև կառավարման ձախողման
նշան։
Պետական կամ համայնքային կառույցի ղեկավարը չի կարող իր խոսքում ձևակերպել ակնարկներ,
որոնք կարող են ընկալվել որպես սպառնալիք աշխատակիցներին։ Նման մոտեցումները վտանգավոր
են ոչ միայն տվյալ համակարգի, այլև ընդհանուր կառավարման մշակույթի համար։ Եթե այսօր
վարորդից պահանջվում է անել այն, ինչ իր պարտականությունը չէ, ապա վաղը նույն տրամաբանությունը
կարող է կիրառվել ցանկացած այլ ոլորտում։ Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը բարձրացնում
է շատ ավելի լայն հարց՝
արդյո՞ք Երևանի քաղաքապետարանում հստակ տարանջատված են աշխատողների պարտականությունները,
թե՞ համակարգային բացերը լրացվում են վարչական ճնշմամբ։
Քանի դեռ այս հարցին հստակ պատասխան
չկա, նման հայտարարությունները ոչ թե լուծում են խնդիրները, այլ խորացնում անվստահությունը՝
թե՛ համակարգի ներսում, թե՛ հանրության շրջանում։









