Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն ամփոփվել են և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։ Այն կմեկնարկի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ նրանից առաջին փուլի քննությանը մասնակցել են ու գնահատականներից գոհ են։
«Առաջին փուլի քննությունները տեղի ունեցան այս տարվա հունվարին և փետրվարին։ Այդ ժամանակ դիմորդը ընտրում է բացառապես քննական առարկան։ Երբ ապրիլի 15-ից բացվի հայտագրման գործընթացը, առաջին փուլի քննություններին մասնակցածները ևս պետք է հայտագրվեն, որպեսզի ընտրեն բուհը և մասնագիտությունը։ Հակառակ պարագայում դուրս կմնան մրցույթից»,-ասաց Կարո Նասիբյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քիչ չէին դեպքերը, երբ աշակերտները առաջին փուլում քննությունները հանձնել էին, բարձր գնահատական էին ստացել ու հանգիստ նստել էին՝ մտածելով, որ էլ անելու բան չունեն։ Հայտագրման ժամկետն ավարտվելուց հետո նրանք փաստի առաջ էին կանգնել։ Այդ իսկ պատճառով Գնահատման և թեստավորման կենտրոնը հորդորում է բոլոր շրջանավարտներին անպայման հայտագրվել, ընտրել բուհն ու մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են պահպանել առաջին փուլի գնահատականները, կարող են դա նշել։









