Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանն, արդարացվել է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, արդարացման վերդիկտ է կայացրել։
Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով:
Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Կարեն Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, ինչպես նաև՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ, փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։
Նշենք, որ թեև Կարեն Պողոսյանի մեղադրանքը ծանր էր, վերջինս տարիներ շարունակ ազատության մեջ է եղել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին, ընդ որում, սա այն դեպքում, երբ Կարեն Պողոսյանը նախկինում արդեն փորձել է թաքնվել քննությունից, ամիսներ շարունակ գտնվել հետախուզման մեջ։ Դեպքից շուրջ երեք ամիս անց միայն՝ 2021թ սեպտեմբերին ինքնակամ ներկայացել է ՔԿ, դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչից հետո Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, սակայն, կարճ ժամանակ է մնացել։ Կալանավորման ժամկետը լրանալուց հետո դատարանը չի բավարարել կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և, ըստ այդմ, ՔԿ-ն գտել էր, որ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը բավարար է Կարեն Պողոսյանի վարքագիծը զսպելու համար։ Դատարանները հետագայում անփոփոխ են թողել այս խափանման միջոցը։ Հատկանշական է, որ դատաքննությունը բավականին երկար է տևել, գործով տևական ժամանակ սայլը տեղից չէր շարժվում։ Թե ինչ հիմքով է արդարացվել Պողոսյանը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մենք տեղեկացրել էինք, որ գործով տուժողները, այդ թվում, Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որոշել են «գողական» գնալ և չեն բողոքել Պողոսյանի դեմ, չնայած նրան, որ տուժողներից մեկը մահվան եզրին էր հասել, գտնվել էր կոմայի մեջ։
Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի անմոռանալի ծառայություններ ունի մատուցած այս իշխանություններին, ի վերջո, հենց Պողոսյանն էր հայտարարում, թե ռուսներն են պահանջել, որ 2020թ․ հայկական զորքերը զբաղեցնեն խորհրդային սահմանները։ «Մեր խնդիրն է եղել, որ «նեյտրալ զոնան» պահենք, երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել, ասել է, որ պետք է զբաղեցնենք խորհրդային սահմանները»,-հայտարարել էր Պողոսյանը։ Բացի այդ, անդրադառնալով Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժումներին՝ դեռ 2021թ․ Պողոսյանը վստահեցնում էր, թե նրանք մոլորվել են, ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել։









