Foto

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրում է. «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները։ Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։

Դրանք մշտապես եղել են հայ-վրացական եղբայրական կապերի կարևորագույն հիմնասյուներից մեկը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, քրիստոնեական ընդհանուր արժեքների և պատմական համատեղ փորձի վրա։

Այս հարաբերությունները բազմիցս ուղեկցել և ամրապնդել են երկու ժողովուրդների բարեկամությունը՝ նույնիսկ ամենադժվար ժամանակաշրջաններում պահպանելով երկխոսության և համագործակցության ոգին։

Եթե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշի մասնակցել Վրաց Պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորության արարողությանը, ապա այդ այցը կդառնա ոչ միայն հարգանքի և եղբայրական հարաբերությունների արտահայտություն, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված հայ-վրացական եկեղեցական և միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը։

Այս ճանապարհին որևէ խոչընդոտ կամ արգելք բացասական անդրադարձ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակությանը, ինչպես նաև հայ-վրացական եղբայրական հարաբերություններին և երկու եկեղեցիների միջև ձևավորված բազմադարյա ամուր կապերին»։