Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ իր խաղացողների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։
Իրանի մասնակցությունը ֆուտբոլի համաշխարհային մրցաշարին հարցականի տակ է հայտնվել Իրանին հասցված ամերիկյան հարվածներից հետո։ ԱՄՆ-ն առաջնությունն ընդունող երկրներից մեկն է։
Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանը կարող է մասնակցել, բայց հավելել է, որ ԱՄՆ-ում խաղալը կարող է տեղին չլինել «նրանց սեփական կյանքի և անվտանգության համար»։
«Քանի որ Թրամփը բացահայտորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի ազգային թիմի անվտանգությունը, մենք, անշուշտ, չենք գնա Ամերիկա», - գրել է Թաջը Մեքսիկայում Իրանի դեսպանատան X-ի էջում։
«Մենք բանակցություններ ենք վարում ՖԻՖԱ-ի հետ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերը Մեքսիկայում անցկացնելու շուրջ», - հավելել է նա։
2026 թ. աշխարհի առաջնության խաղերն անցկացվելու են 16 քաղաքում՝ ԱՄՆ-ի 11, Մեքսիկայի՝ երեք և Կանադայի երկու քաղաքում։









