Foto

Աբու Դաբիում հրթիռի բեկորներից պակիստանցի է զոհվել

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի Բանիաս տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի որսալուց հետո հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

Նաև հաղորդվել է, որ մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում օդային երթևեկությունը ժամանակավոր փակվելուց հետո վերադարձել է բնականոն հուն։

Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Աբու Դաբիի իշխանությունները և համապատասխան արձագանքման խմբերը զսպել և վերահսկողության տակ են վերցրել Շահ գազի հանքավայրում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Կառույցի գործունեությունը դադարեցվել է մինչև վնասի գնահատումը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։