Եվրոպական էներգետիկ շուկան դարձել է աշխարհի ամենանեղ շուկան Մերձավոր Արևելքում պատերազմի և Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումներից Եվրամիության հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա նշանակում է, որ նավթի հսկայական ծավալներ կանհետանան միջազգային շուկայից, իսկ մատակարարումները կդառնան լիովին անկայուն։ Այս իրավիճակում Եվրոպան հայտնվում է կրկնակի տանուլ տվողի դերում, քանի որ, բացի ծովային առևտրի բացարձակ անորոշության պատճառած վնասից, Բրյուսելի՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու նախկին որոշումները հանգեցրել են նրան, որ Եվրոպան այժմ տնօրինում է աշխարհում ամենաքիչ քանակությամբ էներգապաշարները»,- ասել է ԱԳ նախարարը։
Ըստ նրա կանխատեսումների՝ Մերձավոր Արևելքի պատերազմը, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը, որի պատճառով ԵՄ-ն արգելք է սահմանել ռուսական նավթի և գազի վրա, դեռ երկար ժամանակ բացասական ազդեցություն կունենան միջազգային էներգետիկ շուկաների վրա։
«Ինչ վերաբերում է Եվրոպայի էներգամատակարարմանը, ապա մենք պետք է ելնենք նրանից, որ այն կդառնա աշխարհում էներգիայի ամենամեծ պակասուրդն ունեցող մայրցամաքը։ Այս առումով առանցքային հարց է մեր ինքնիշխան էներգետիկ քաղաքականության պահպանումը, Հունգարիայի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը, ինչպես նաև տարանցիկ ուղիների անխափան գործունեության շարունակումը»,- եզրափակել է նախարարը։









