Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ լույս մարտի 10-ի գիշերը հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված օբյեկտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է իր Telegram ալիքում։
Հարվածներից մեկն ուղղված է եղել ԻՀՊԿ-ի կողմից զենքի հետազոտությունների և մշակման համար օգտագործվող համալիրին։ Ստորգետնյա համալիրը գտնվում էր ԻՀՊԿ-ի՝ Իմամ Հուսեյնի անվան կենտրոնական ռազմական համալսարանի տարածքում։
Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի հետ կապված ենթակառուցվածքի վրա։
Մեկ այլ հրապարակման մեջ ԻՊԲ-ն հայտնում է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, պաշտպանական համակարգերն աշխատել են վտանգը վերացնելու ուղղությամբ։ Քիչ անց բանակն Իսրայելի բնակիչներին տեղեկացրել է, որ նրանք արդեն կարող են դուրս գալ ապաստարաններից։









