Foto

Չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ Չանչարևիչ

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը «ИнсайдЯН» Telegram-յան ալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու չի հրավիրվել ազգային ընտրանի՝ մասնակցելու Բելառուսի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեմ կայանալիք մարտյան ընկերական հանդիպումներին։


Ըստ դարպասապահի՝ հավաքը բաց թողնելու որոշումը կայացվել է մարզչական շտաբի հետ փոխհամաձայնեցված:

«Ես զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանի հետ։ Մենք համատեղ որոշում կայացրինք, որ ես բաց կթողնեմ մարտյան հավաքը, որպեսզի մյուս դարպասապահները նույնպես խաղաժամանակ ստանալու հնարավորություն ունենան։


Գլխավոր մարզիչը ցանկանում է ընկերական խաղերում փորձարկել նաև նրանց։ Մելիքյանն ինձ խորհուրդ տվեց պահպանել մարզավիճակս. նաև չէր ցանկանում ինձ կտրել ակումբային գործերից, քանի որ վերջերս եմ տեղափոխվել Սերբիա»,- նշել է ֆուտբոլիստը։

Չանչարևիչն ընդգծել է, որ ազգային թիմից հեռանալու մտադրություն չունի և շարունակում է քրտնաջան աշխատել:

«Ես չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ, որ դեռ կստանամ իմ հրավերը։ Այժմ Սերբիայի առաջնությունում ունեմ մշտական խաղային պրակտիկա և ինձ պահում եմ լավագույն մարզավիճակում»,- հավելել է նա։