Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը պնդում է, որ անհնարին է շարքից դուրս բերել իրանական բոլոր հրթիռները, դրանց արձակիչները և արտադրական բոլոր հզորությունները, ուստի Իրանն ունակ է հրթիռային հարվածներ հասցնել մինչև պատերազմի վերջը։
Պատճառն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը և ո՛չ էլ Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկատվություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին։
Իրականում Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու և այդ երկիրը գրավելու համար բավարար չէ երեք միջավայրերում՝։օդում, ծովում և ցամաքում գերակայության հասնելը, քանի որ կա չորրորդ՝ ստորգետնյա հարթությունը։
Սա հասկանալու համար պետք է տիպաբանորեն պատկերացնել Գազան, որը իսրայելական զինուժը վերահսկում է օդում, ծովում և ցամաքում, սակայն չի կարողանում վերահսկել գետնի ընդերքում։
Ընդ որում, եթե ոմանց թվում է, թե ստորգետնյա շինարարությունը նորություն է Իրանի համար, ապա դա այդպես չէ։ Հազարամյակներ շարունակ այս երկիրը անապատային շրջաններում գտնվող իր բնակավայրերը սնուցում է հարյուրավոր կիլոմետրերի հասնող հատուկ ստորգետնյա ջրային համակարգով, որը պարսկերենով կոչվում է «քարիզ»։ Նման քարիզներից ամենաերկարը և մինչև հիմա գործածվողը մոտ 70 կմ է և ունի հազարամյակների հնություն։
Ի դեպ, Հայաստանում «քարիզ» կա Մեղրու տարածաշրջանում»։









