Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, թե Իրանը առնչություն չունի Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ հենց իրանական ԱԹՍ-ներով են հարվածներ հասցվել Նախիջևանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ իրանը հարգում է բոլոր երկրների սուվերենությունը, և հատկապես մուսուլմանական և հարևան երկրների, ինչպես նաև այսօր Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերով Ադրբեջանի դեմ գրոհների հերքումը ոչ մի պարագայում չի կարող ընդունելի լինել»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ տեխնիկական միջոցների օգնությամբ արձանագրվել է, որ Իրանի զինված ուժերի կողմից գրոհների նպատակով 4 ԱԹՍ է ուղարկվել Նախիջևանի ուղղությամբ, որոնցից մեկը խոցվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի շենքը՝ ուսումնական պրոցեսի ընթացքում։
«Բարեբախտաբար, միջնակարգ դպրոցը թիրախավորած ԱԹՍ-ն չի հասել իր նպատակին, ընկել է դպրոցի շենքի մոտ և պայթել։ Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ակնկալում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը դադարեցնեն հերքումները, ներողություն խնդրեն տեղի ունեցած միջադեպի համար, ինչպես նաև ակնկալում ենք, որ մեղավորները կպատժեն Իրանի համապատասխան մարմինների կողմից»,- ասված է հայտարարության մեջ։









