ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածների «ավելի շատ ու ավելի մեծ ալիքներ» են գալիս, և ամեն ինչ դեռ առջևում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մենք դեռ նոր ենք սկսում», – ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն հաղթում է պատերազմում, և որ տարածաշրջան են ժամանում նոր ուժեր։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բավարար չափով հակաօդային պաշտպանության համակարգեր ունեն։
«Մենք կարող ենք հեշտությամբ շարունակել այս պայքարն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կօգտագործի անսահմանափակ քանակությամբ գրավիտացիոն ռումբեր։
Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ն և Իսրայելը մինչև մեկ շաբաթվա ընթացքում «կունենան Իրանի երկնքի լիակատար վերահսկողություն»։
«Սա երբեք էլ միտված չէր լինել արդար կռիվ, և սա արդար կռիվ չէ։ Մենք նրանց հարվածում ենք, մինչ նրանք ընկած են», – ասել է նախարարը։









