Foto

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։

Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է գույքային վնաս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված երեք բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։