Սաուդյան Արաբիան վճռականորեն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանության շենքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ պատասխան միջոցները։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ամենավճռական կերպով դատապարտում է և չի ընդունում Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանության շենքի վրա», – նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է X-ում։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանի հարվածները տեղի են ունենում՝ չնայած Էր Ռիադի հավաստիացումներին, որ թագավորությունը թույլ չի տա օգտագործել իր օդային տարածությունը և իր տարածքն Իրանին հարվածներ հասցնելու համար։ Գերատեսչությունը վերահաստատել է թագավորության լիակատար իրավունքը՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողություններն՝ իր անվտանգության, տարածքային ամբողջականության, հպատակների, ռեզիդենտների և կենսականորեն կարևոր շահերի պաշտպանության համար, ներառյալ ագրեսիայի պատասխանի հնարավորությունը»:









