Foto

Թրամփը Զելենսկիի հետ զրույցում հայտնել է պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու ցանկության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Ուկրաինացի պաշտոնյայի և զանգի մասին տեղյակ երկու այլ աղբյուրների։

Աղբյուրները նշել են, որ Թրամփի և Զելենսկիի միջև հեռախոսազրույցը շատ բարեկամական և դրական է եղել։

Ըստ տեղեկությունների՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին իր ողջ օգնության համար և ասել, որ միայն Թրամփը կարող է համոզել Պուտինին դադարեցնել պատերազմը։

«Այնուհետև Զելենսկին ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, իսկ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը շարունակվում է չափազանց երկար ժամանակ և ասել է, որ կցանկանար՝ պատերազմն ավարտվի մեկ ամսից», – նշել է աղբյուրներից մեկը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ ամսվա սկզբին։

«Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը հնարավորություն կստեղծի՝ բանակցությունները տեղափոխելու առաջնորդների մակարդակ։ Նախագահ Թրամփը աջակցում է քայլերի այս հաջորդականությանը:

Սա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», – գրել է Զելենսկին X-ում։

Հեռախոսազրույցին մասնակցել են նաև ամերիկացի բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

30 րոպեանոց հեռախոսազրույցը Թրամփի և Զելենսկու միջև առաջին զրույցն էր հունվարի վերջին Դավոսում նրանց հանդիպումից ի վեր։