Foto

Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»

«Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու քայլերը:

Չափազանց հետաքրքրաշարժ փաստաթուղթ է: Օրինակ՝ 2-րդ ենթակետում կա այսպիսի նշում (կետադրությունը և ուղղագրությունը՝ ըստ բնագրի, խմբագրելու և սրբագրելու իրավունք չենք վերապահել մեզ). «Նախարարության բոլոր աշխատակիցները անկախ իրենց կարգավիճակից և համոզմունքներից չպետք է անձնական համոզմունքների շրջանակներից մեկնաբանեն ցանկացած ծառայողական որոշումներ, խուսափեն մեկնաբանել ղեկավարի հրամանները սեփական հակասող անձնական մտքերի տեսանկյունից, ցուցաբերեն մասնագիտական և օբյեկտիվ վարքագիծ»:

Եվ մինչ ավտոմեքենա վարողներն ուզում են իմանալ, թե ով է եղել էկոնոմիկայի նախարարի թվաբանության ուսուցիչը, մեզ հետաքրքրեց, թե ով է հայոց լեզու դասավանդել այս տեքստի հեղինակին: Գոնե Լեզվի կոմիտեի հետ խորհրդակցեին և միայն դրանից հետո «շրջաբերականագրեին»: