Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։
Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ Սա էսկալացիայի բացառման և կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է։
Պատմական զարգացման առումով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կենսական անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց ստրատեգիական պլանավորման հորիզոնը։ Երաշխավորված խաղաղությունը անհատի և հասարակության կյանքը երկարաժամկետ հեռանկարով պլանավորելու հնարավորություն է տալիս՝ ներկայիս մի քանի շաբաթանոց հորիզոնի փոխարեն։
Ուրախ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի թիմին հաջողվում է գտնել ճշգրիտ ձևակերպումներ և հանրությանն այսօրվա կենսական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել՝ հիմնվելով իրատեսական և իրագործելի մոտեցումների վրա»։









