Foto

2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նախ ներկայացրել է կառույցի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերը, կառուցվածքային բարեփոխումները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներում, ապա անցել քննված քրեական վարույթներին:

2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ (այդ թվում՝ կրկնակի), որոնցից ավարտվել է 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել: Կարճված վարույթներից 54-ի վարույթը կարճելու որոշումները դատախազի կողմից չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը: Այսինքն՝ 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով:

2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող: Առանձնացվել է 19 վարույթ եւ հաղորդման մեջ ներկայացվել:

Կոռուպցիոն հոդվածներով նախաձեռնված վարույթներից 2025 թվականի ընթացքում կարճվել է 565 քրեական վարույթ, որից 433-ը կարճվել է ռեաբիլիտացնող, իսկ 132-ը` ոչ ռեաբիլիտացնող: Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել 547 անձի վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ: