Foto

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ

ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա» — «Ռեալ» Մադրիդ (0:1) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Գործընթացի հիմքում ընկած են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մեղադրանքները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Madrid Universal-ի փոխանցմամբ՝ եվրոպական ֆուտբոլային կառույցը մտադիր է հարցաքննել միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացի աստղը խաղից հետո հրապարակայնորեն հայտարարել էր, որ լիսաբոնյան ակումբի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին ռասիստական արտահայտություններ է թույլ տվել իր թիմակցի հասցեին։ Նշվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն միայն անհերքելի ապացույցների առկայության դեպքում։

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած մրցավեճի երկրորդ խաղակեսում հանդիպումը դադարեցվել էր մոտ 9 րոպեով՝ Վինիսիուսի և գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեի զրույցից հետո։ Ի դեպ, հանդիպման ելքը վճռեց հենց բրազիլացու խփած միակ գոլը։

ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնական մեկնաբանություն է տվել իրավիճակի վերաբերյալ Sky Sports News-ին տրամադրած հայտարարության մեջ.

«Ներկայումս ընթանում է պաշտոնական զեկույցների վերլուծություն։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում կհարուցվի վարույթ, իսկ կարգապահական պատժամիջոցների կիրառման դեպքում համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։ Այս փուլում մենք հավելյալ մեկնաբանություններ չունենք»։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։