Foto

Փետրվարյան ապստամբությունը ծնվեց ազգային արժանապատվության ճնշված ու պայթող կամքից. ՀՅԴ

Երբ դանակը հասավ ոսկորին, լռությունը այլևս տեղ չթողեց համբերությանը։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը ծնվեց ոչ թե կուսակցական հաշվարկներից, այլ ազգային արժանապատվության ճնշված ու պայթող կամքից։ Բանտերը լցված էին նվիրյալներով, սպաները աքսորված, խոսքի ազատությունը՝ խեղդված, իսկ ժողովուրդը՝ սովի, բռնության և կարմիր ահաբեկչության ճիրաններում։

Փետրվարի 18-ին Երևանում կրկին ծածանվեց եռագույնը։ Հայրենիքի փրկության կոմիտեն ստանձնեց պատասխանատվությունը, իսկ Կուռո Թարխանյանի առաջնորդությամբ ապստամբ ուժերը մտան մայրաքաղաք։ Սա խռովություն չէր․ սա ազգային ինքնապաշտպանություն էր՝ ընդդեմ մի վարչակարգի, որը խախտեց իր խոստումները, բանտարկեց հազարավորների և փորձեց կոտրել հայ պետականության ողնաշարը։

42 օր տևեց այդ վերջին անկախ շունչը։ 42 օր ժողովուրդը ապացուցեց, որ չի հաշտվում նվաստացման հետ։ Թեև Կարմիր բանակի գերազանց ուժերը վերագրավեցին Երևանը, ապստամբությունը դարձավ ոգու հաղթանակ՝ վկայություն, որ հայը պայքարում է, երբ վտանգված է իր գոյությունն ու պատիվը։