Foto

Որքանով Իրանին կհաջողվի հասնել նպատակներին՝ պարզ կլինի առաջիկա օրերին․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։

Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային իրանական արբանյակ ուժերի խնդրին, երկրորդը՝ այդ բանակցությունները վարել միայն երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով, բացառելով այլ տարածաշրջանային դերակատարների մասնակցությունը և երրորդը՝ դրանք անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Օմանի մայրաքաղաքում, Թուրքիային լրացուցիչ կշիռ հաղորդելը բացառելով, և բանակցությունները դարձնելով անցյալ տարի 12-օրյա պատերազմից առաջ տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցային ընդհատված գործընթացի հերթական փուլ։

Թե որքանով Իրանին կհաջողվի հասնել այս նպատակներին, պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր գերտերության ռազմական մշտական սպառնալիքի պայմաններում իրանցիներն իրականացնում են դիվանագիտական այնպիսի հաշվարկված և բարդ աշխատանք, որը միտված է նաև բանակցություններից առաջ ապահովելու այս երկրի հեռագնա կենսական շահերը»։