Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են վուլկանիզացիայի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Բաշո Խուդոյանը։Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է, ինչպես նաև վուլկանիզացիայի սեփականատիրոջ ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին որ օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժշկական օգնության կարիք բարեբախտաբար չի զգացվել։









