Foto

Դոհան մասնակցում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին. Կատարի ԱԳՆ

Դոհան ներգրավված է տարածաշրջանում լարվածության թուլացման և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև վեճերի լուծմանն ուղղված շփումներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարիին։

Պաշտոնյան չի բացառել, որ ներկայիս լարվածությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։ Նրա խոսքով՝ Կատարն աշխատում է իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։

«Մենք դեռևս այն փուլում ենք, երբ կարծում ենք, որ կարելի է դիվանագիտական ​​լուծում գտնել։ Ահա թե ինչու մենք մասնավոր կերպով շփվում ենք տարածաշրջանի բոլոր կողմերի հետ», - ասել է նա հունվարի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Մաջիդ ալ-Անսարին նաև նշել է, որ Կատարը միջնորդների հետ համագործակցում է Գազայի շուրջ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար։ Նա հավելել է, որ ներկայիս բարդությունները պահանջում են «ընդառաջ քայլ այս փուլի իրականացման ուղղությամբ»։

Խոնակն ասել է, որ դեպի Գազայի հատված հումանիտար օգնության մուտքի բացակայությունը նշանակում է օր-օրի ավելի շատ զոհեր։

Ալ-Անսարին հավելել է, որ Գազայի վերաբերյալ որևէ կոնկրետ ժամանակացույց չկա՝ նշելով, որ համաձայնագիրն առաջ մղելու համար Կատարի հետ շփումները շարունակական են և ամենօրյա։ Նա պահանջել է, որ Իսրայելը պատասխանի այն հարցին, թե ինչու է Գազայի շուրջ համաձայնագրի իրականացումը հետաձգվում։

ԱՄՆ-ի առաջարկած համաձայնության առաջին փուլի պայմանների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է պատանդներին և զոհված պատանդների մարմիները՝ Իսրայելից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Իսրայելը թույլ է տվել որոշակի քանակությամբ հումանիտար օգնության մուտք պաղեստինյան անկլավ։