Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2, թիվ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։
Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ կան կասկածներ, որ հնարավոր է ներսում քաղաքացի լինի։ Տեղում պարզվել է, որ շենքի բնակիչ մի քանի երիտասարդ տղաներ, մինչ հրշեջների ժամանելը, կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկին և տեղափոխել հարևան սենյակ։
Շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու՝ միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ են։ Բժիշկները արդեն տեղում բուժօգնություն են ցուցաբերել տատիկին, ում հետո անվասայլակով փրկարարները, պարեկները և քաղաքացիները 7-րդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը, ապա բժիշկները տեղափոխել են նրան «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել նաև 3 հրշեջի, որոնք աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ էին ստացել։









