Այսօր ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և Սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։
Ամանորի ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով, հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։
Տարեմուտը, սիրելիներ, հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելությունն ու թշնամանքը, անհանդուրժողության և անօրինականության հանցավոր երևույթները։
Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության, հռչակում է Սուրբ Գիրքը։
Ազգը զորեղ է և պետությունն անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը։ Այսօր ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և Սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ միայն Քրիստոսին։
Հայրապետիս հորդորն է՝ ամուր և աներեր պահենք մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը, թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը՝ տկարացնելով մեր հույսը և թուլացնելով մեր ազգային ոգին»,- մասնավորապես ասված է Վեհափառի ուղերձում։









