Foto

Հակոբ Բագրատունին շնորհավորել է Արամ Ա-ին՝ մաղթելով եկեղեցաշինական հարուստ գահակալություն

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին և Բյուրոյի անունից խորհրդակցություն է ունեցել Վեհափառ Հայրապետի հետ՝ Հայաստանին և Սփյուռքին հուզող հարցերի շուրջ։

Յակոբ Բագրատունին Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները, հատկապես Հայաստանի իշխանությունների կողմից Սուրբ Էջմիածինը ներսից պառակտելու ձգտումները և այդ վտանգավոր քաղաքականության հետևանքները երկրի ներկայի ու ապագայի համար։

Միաժամանակ նա ՀՅԴ Բյուրոյի անունից ողջունել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի արտահայտած տեսակետներն ու որդեգրած դիրքորոշումները՝ Հայաստանի իշխանությունների ապազգային քաղաքականության, ազգային արժեքների և իդեալների ոտնահարման, ինչպես նաև Սուրբ Էջմիածնի ներքին կյանքի պառակտման փորձերի դեմ։

Անդրադառնալով վերոհիշյալ խնդիրներին և վերահաստատելով իր հետևողական դիրքորոշումները՝ Վեհափառ Հայրապետը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի ներկայ իրավիճակի շուրջ՝ ընդգծելով, որ մենք կորցրինք Արցախը, և այս ընթացքով կարող ենք կորցնել նաև Հայաստանի անկախությունը։ Նորին Սրբությունը անընդունելի է համարել Հայաստանի իշխանությունների միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Նա նաև շեշտել է Սփյուռքի վերակազմակերպման հրամայականը՝ Հայաստան–Սփյուռք համագործակցությունը համարելով էական համազգային իդեալների իրականացման համար, և այդ համատեքստում ընդգծեց ՀՅԴ-ի կարևոր դերը։

Հակոբ Բագրատունին ՀՅԴ Բյուրոյի անունից շնորհավորել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին Նոր տարվա առթիվ՝ մաղթելով եկեղեցաշինական և ազգակերտ իրագործումներով հարուստ, երկարատև գահակալություն։