Foto

2026-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանը պարտավոր է ձևավորել պատասխանատու և ազգային շահը որպես առանցք ընդունած նոր կառավարություն․ Դավիթ Անանյան

Մենք հրաժեշտ ենք տալիս 2025 թվականին, որն, ինչպես նախորդած մի քանի տարիները, դարձավ մեր պետականության դանդաղ կորստի խուլ ու գորշ ականատեսը։ Տարի, որը չբերեց ոչ շրջադարձ, ոչ վերականգնում, այլ շարունակեց այն վտանգավոր ընթացքը, որի մեջ հայտնվել ենք 2020 թվականի նոյեմբերից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այդ պահից ի վեր անցած յուրաքանչյուր տարի մեր երկրի և մեր պետականության համար բերել է նոր փորձություններ։ Փորձություններ, որոնց դիմագրավման համար իրական, համակարգային ջանքեր չեն գործադրվել։ Եվ սա միայն գիտելիքի կամ փորձառության պակասի հետևանք չէ։ Շատ ավելի վտանգավոր է մեկ այլ հանգամանք՝ հանրային և ազգային շահը չի եղել առաջնային։ Այն հիմնականում զիջել է անձնական գոյաբանական հաշվարկներին և արտաքին շահերին։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետությունը՝ կա՛մ դառնում է ձևական ու խամաճիկային կառույց, կա՛մ վեր է ածվում ուրիշների օրակարգերի սպասարկման գործիքի։ Այս ճանապարհը կործանարար է և այն շարունակել այլևս հնարավոր չէ։

Ահա, թե ինչու է 2026 թվականը լինելու վճռորոշ։ Գալիք ընտրությունները պարզապես հերթական քաղաքական գործընթաց չեն լինելու։ Դրանք պետք է դառնան բեկման կետ՝ այս անվերջ, կործանարար շրջապտույտից դուրս գալու համար։ 2026-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանը պարտավոր է ձևավորել պատասխանատու և ազգային շահը որպես առանցք ընդունած նոր կառավարություն։

Խոսքը սոսկ իշխանափոփոխության մասին չէ։ Խոսքը մտածողության, առաջնահերթությունների և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գտնել պետության կառուցման իրական ուղին, որը տասնամյակներ շարունակ ազգովի փնտրել ենք։

Այս ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այն միակն է, որն ունի ապագա։ Եվ այն հնարավոր է միայն միասնական ջանքերով, գիտակցված ընտրությամբ և պահանջատեր հասարակությամբ։

Ամանորի այս օրերին ցանկանում եմ, որ մենք 2025 թվականի հետ մեկտեղ հրաժեշտ տանք ինքնախաբեությանը, հարմարվելու տրամաբանությանը և պարտվողական մտածողությանը։

Թող գալիք տարին դառնա սթափության, կամքի և նոր մեկնարկի նախապատրաստման տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող այն լինի շրջադարձի սկիզբ Հայաստանի համար»,-գրել է նա: