Foto

Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Օջալանը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել Հալիլիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Գերմուշ) եկեղեցու վիճակը։ Պատգամավորը նշել է, որ եկեղեցին Թուրքիայում օսմանյան շրջանի և միջազգային ակադեմիական գրականության մեջ պահպանված հազվագյուտ օրինակներից է։ Այն կառուցվել է 19-րդ դարում և մինչև 1915 թվականը հայ ուղղափառ համայնքի կողմից օգտագործվել է որպես պաշտամունքի վայր, իսկ հետագայում՝ մատնվել անտերության, հայտնում է Ermenihaber.am-ը։

Օջալանը նշել է, որ այն օգտագործվել է որպես ախոռ, տուժել է գանձ որոնողների կողմից, իսկ 2023-ին փուզվել է գմբեթի մի մասը։ Նա կարևորել է եկեղեցու պահպանությունն ու եկեղեցու վիճակի վերաբերյալ գրավոր հարցեր հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Նա մասնավորապես հարցրել է, թե որն է Գերմուշ եկեղեցու վերականգնման աշխատանքների բացակայության պատճառը. ո՞ր հաստատություն(ներ)ն են պատասխանատու եկեղեցու պահպանման համար, արդյո՞ք նախարարության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ փլուզված գմբեթի վերականգնման ուղղությամբ և արդյո՞ք եկեղեցու վերականգնման համար բյուջե է հատկացվել 2026-ի ներդրումային ծրագրի շրջանակներում։