Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1֊ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին։ Այս մասին հայտարարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության որոշմամբ լուծարվեց «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը («Շողակաթ»)։
Նշենք, որ ընկերության գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Հիշեցնենք` ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։
Հավելենք, որ «Շողակաթը» փակվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։









