Foto

Փոքր պետություն լինելը դատավճիռ չէ, այն ճիշտ քաղաքականություն է պահանջում․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«ՀԵՆԱՍՅՈՒՆ 1․ Փոքր պետություն լինելը դատավճիռ չէ, այն ճիշտ քաղաքականություն է պահանջում

Հայաստանը փոքր պետություն է։ Սա ոչ վիրավորանք է, ոչ էլ արդարացում։ Սա իրականություն է, որը պետք է ճանաչել, հասկանալ և ճիշտ կառավարել։

Փոքր պետությունները չունեն մեծ շուկա, անսահման ռեսուրսներ կամ ազդեցության լայն լծակներ։ Դրանք ավելի խոցելի են արտաքին ցնցումների, աշխարհաքաղաքական փոփոխությունների և մեկ-երկու ուղղությունից կախվածության նկատմամբ։ Բայց հենց այստեղ է հիմնական հարցը․

փոքր լինելը խնդի՞ր է, թե՞ սխալ կառավարելն է խնդիր։

Հայաստանի վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ մեր տնտեսական աճը հաճախ ձևավորվել է արտաքին գործոնների հաշվին՝ տրանսֆերտներ, մեկ շուկայի կախվածություն, ժամանակավոր հոսքեր։ Արդյունքում տնտեսությունը դարձել է նեղ, զգայուն և արագ փլուզվող ցանկացած արտաքին փոփոխությունից։

2020 թվականի պատերազմը հստակ ցույց տվեց, որ անվտանգությունն ու տնտեսությունը փոխկապակցված են։ Երբ պետությունը չունի տնտեսական ինքնուրույնություն, ինստիտուցիոնալ ուժ և դիվերսիֆիկացված կապեր, այն դառնում է արտաքին կամքերի գերին։

Բայց փոքր պետության հայեցակարգը միայն սահմանափակումների մասին չէ։ Փոքր պետությունները կարող են հաջողել, եթե ընտրում են ճիշտ մոդել, մասնավորապես՝

– նիշային ոլորտներ,

– բարձր արդյունավետություն,

– տեխնոլոգիաներ և ինժեներական լուծումներ,

– ուժեղ և կանխատեսելի ինստիտուտներ,

– բազմաբևեռ արտաքին տնտեսական կապեր։

Հայաստանը չի կարող մրցել ծավալներով։ Բայց կարող է մրցել խելքով, արագությամբ և ճշգրտությամբ։ «Փոքր պետության» հայեցակարգը մեզ համար նշանակում է ոչ թե հաշտվել սահմանափակումների հետ, այլ դրանք վերածել զարգացման ռազմավարության հիմքի։

«Միասնության Թևեր»-ի տնտեսական քաղաքականությունը սկսվում է հենց այս կետից․ մենք չենք կառուցում տնտեսություն «մեծ պետություն խաղալու» համար, մենք կառուցում ենք ինքնուրույն, մրցունակ և փոքր պետության հաշվարկված տնտեսություն։

Սա մեր առաջին ՀԵՆԱՍՅՈՒՆՆ է: Շարունակությունը՝ հաջորդ հրապարակումներում»։