Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ կան՝ ուղղված երկրի կայունության և կենսունակության ամրապնդմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։
Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի կուլուարներում հանգամանալից մտքերի փոխանակություն է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի մյուս նախարարների հետ։
«Ընդգծվեց, որ Հայաստանը կարևոր է Եվրամիության համար։ Առկա են համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ՝ Հայաստանի կայունության և կենսունակության ամրապնդման նպատակով։ Աջակցություն հայտնեցինք Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրել է Ցոյուն։
Նա հավելել է, որ երկկողմ մակարդակում Ռումինիան կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։









