Foto

Իշխանությունը բազմաթիվ սպառնալիքներ է թողել, որոնց չեզոքացման համար հսկայական ջանքեր են պահանջվելու

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Եվս մեկ առանձնահատկություն սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին:

Այն իշխանությունը, որն այնպիսի քանակությամբ ռազմական տեխնիկա է հանձնել/թողել Ադրբեջանին, ինչի հիման վրա Բաքվում պուրակ/թանգարան են հիմնել, որևէ քաղաքական և բարոյական իրավունք չունի խոսելու մինչև 2018 թվականը ՀՀ-ի տիրապետած ռազմական տեխնիկայի և սպառազինության մասին:

Ադրբեջանը միլիարդավոր դոլարների սպառազինություն ոչնչացրել և որպես ավար խլել է, բազմաթիվ ռազմական օբյեկտներ և ռազմական նշանակության նշանակետներ է խոցել, իսկ սրանք խոսում են այս կամ այն տեխնիկայի տարեթվի, որակի կամ մոդելի մասին:

Դուք 2018-ին հայտարարած նշաձողը գցել եք ձեր ոտքին, մեր քաղաքացիների և երկրի անվտանգությունը չեք ապահովել, իսկ ձեր քաղաքական կուրսն առավել խոցելի դարձրել մեր երկիրը:

Ձեր ավանդը` տասնամյակներով մեզ թողած բազմաթիվ սպառնալիքներն են, որոնց չեզոքացման համար հսկայական ջանքեր են պահանջվելու»: