Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Այս մասին հայտում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝
- սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,
- օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,
- շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,
- սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել,
- սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն: