Foto

Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։
Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։
Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է: